Օսմանյան կայսրություն և Հայկական հարցի առաջացում

Օսմանյան կասրության հայերը, չլինելով մուսուլմաններ, համարվում էին երկրորդ տեսակի քաղաքացիներ՝ զիմմիներ։ Հայերին արգելված էր զենք կրել, նրանք պետք է վճարեին ավելի բարձր հարկեր։ Հայ քրիստոնյաներն իրավունք չունեին վկայել դատարանում[17][18][19]։

Չնայած հայ բնակչության 70 %-ը աղքատ էր, մուսուլմանների մոտ տարածված էր «գործարար հաջողություններով խորամանկ ու հաջողակ հայի» կարծրատիպը։ Հայերի հետ թշնամանքն ավելանում էր քաղաքներում չլուծված սոցիալական խնդիրների և գյուղական տնտեսություններում ռեսուրսների համար պայքարի հետևանքով[20]։ Իրադրությունը բարդանում էր մուհաջիրների՝ Կովկասից (Կովկասյան և 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո) և նոր կազմավորված բալկանյան պետություններից փախստականների ներգաղթի պատճառով։ Քրիստոնյաների կողմից իրենց հողերից վտարված փախստականներն իրենց ատելությունը թափում էին տեղացի քրիստոնյաների վրա։ Անձնական կյանքի և համընդհանուր անվտանգության դեմ ոտնձգությունները, ինչպես նաև նրանց վիճակի միաժամանակյա վատթարացումը Օսմանյան կայսրությունում հանգեցրին այսպես կոչված «Հայկական հարցի» առաջացման՝ որպես ավելի ընդհանուր Արևելյան հարցի մի մաս[17][18][19][21]։

1882 թվականին Էրզրումի նահանգում ստեղծվեց առաջին հայկական միավորումներից «Գյուղատնտեսական միավորումը», որը կոչված էր պաշտպանելու հայերին քրդերի և այլ քոչվոր ցեղերի կողոպուտներից։ 1885 թվականին ստեղծվեց առաջին հայկական քաղաքական կուսակակցությունը՝ Արմենական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում տեղի հայերի ինքնորոշման ձեռքբերումն էր լուսավորականության և քարոզչության ճանապարհով, ինչպես նաև ռազմական պատրաստության իրականացում պետական ահաբեկմանը դիմակայելու համար։1887 թվականին հիմնվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որի նպատակն էր բոլոր էթնիկական խմբերի մասնակցությամբ հեղափոխության ճանապարհով Թուրքահայաստանի ազատագրումը և անկախ սոցիալիստական պետության ձևավորումը։ Եվ վերջապես, 1890 թվականին Թիֆլիսում կայացավ ամենաարմատական կուսակցության՝ Դաշնակցության առաջին համագումարը։ Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում, բնակչության բոլոր խմբերի համար ազատություն և հավասարություն, իսկ սոցիալական դրույթները հիմնվում էին գյուղական համայնքների՝ որպես նոր հասարակության հիմնական տարրերի ստեղծման վրա[18]։
307 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz