Նախնադարյան շրջան
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։
Հայկական լեռնաշխարհը։ հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կանքարի դարի բոլոր փուլերին (պալեոլիթ կամ հին քարի դար՝ մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, մեզոլիթ կամ միջին քարի դար՝ մ.թ.ա. 12-րդ հազարամյակ-մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր, նեոլիթ կամ նոր քարի դար՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), ինչպես նաև պղնձի-քարի (մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջեր), բրոնզի (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և երկաթի դարերին (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր) վերաբերող հուշարձաններ։
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 մլն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 մլն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններԱրևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։
Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։
Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-12000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատիավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։
Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձաններն առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։
Նոր քարի դարը, նորագույն ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։
Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների, ինչպես նաև որոշ կենդանիների, օրինակ՝ ցլի, վիշապների, բնության երևույթների պաշտամունքի հետ։
Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։
Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին՝ մ.թ.ա. 3500-2300 թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում «Քուր-արաքսյան մշակույթը», հատկապես «Շենգավիթյան մշակութային համալիրը»։ Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում։
Հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանում գերիշխող էր Կուր-Արաքսյան մշակույթը։ Դրա ընդհանրության կազմալուծմանը զուգընթաց մ.թ.ա. 3 հազարամյակի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը։
Մ.թ.ա. 3 հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը։
Մ.թ.ա. 16-րդ դարի վերջ-մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետ-աղեղները, մեծաքանակ ուլունքները և այլն։ Հայ վարպետները դեռ նախնադարում հմտացել էին ոսկե և արծաթե զարդերի պատրաստման մեջ։ Միջագետքի պետությունների հետ կատարվում էր առևտուր՝ Եփրատ գետի հոսանքով։ Ինչպես վկայում է Հերոդոտոսը, լաստերով բարձած ապրանքը ավանակների հետ իջեցնում էին Բաբելոն, որտեղ լաստերը դարսում էին ավանակների վրա և վերադառնում Հայաստան։
Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը (Զանգեզուրի լեռնաշղթան, Մուշի դաշտը և այլն) դարձավ Առաջավոր Ասիայի հումքի գլխավոր մատակարարը, գրավեց գերիշխող դիրք։
Կենտրոնական Անդրկովկասում հայտնաբերված նեոլիթ դարաշրջանի վաղ մշակույթներից է Շուլավեր-Շոմու մշակույթը, (մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ)։ Մյուս վաղ մշակույթներից են Կուր-Արաքսյան մշակույթը (մ.թ.ա. 4-2-րդ հազ.) և Թռեղքի մշակույթը (մ.թ.ա. 2200 - 1500)։
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քարե շինությունների մնացորդներ.դոլմեններ, մենհիրներ, կրոմլեխներ և կիկլոպյան շինությունների պատեր։ Մեծ թվով մեգալիթյան շինություններհայտնաբերվել են Արագածի ստորոտներում, ժամանակակից Օշական, Փարպի, Աղցք և Սիսիան բնակավայրերի շրջակա դաշտավայրերում, ինչպես նաև Շուշիի շրջակայքում (Արցախ)։ Ավելի լավ են պահպանվել ծիսական և կիկլոպային շինությունները Կոշի և Աղավնատան մոտակայքում։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արաքսգետի մոտ նեոլիթյան գյուղացիական բնակավայրի մնացորդները, ինչպես նաև Զորաց քարեր մեգալիթյանհամալիրը, հայտնի է նաև որպես Քարահունջ, որ գտնվում է Սյունիքի տարածքում Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Կարևորագույն հնագիտական հուշարձաններ են գտնվել Շենգավիթի, Լճաշենի, Ներքին և Վերին Նավերի, Արթիկի, Քարաշամբի պեղումների արդյունքում։ Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ. գործվածքի մասնիկ մ.թ.ա. 16-15-րդ դարեր (Արթիկ) անթերի ձևի արծաթե կացնիկ մ.թ.ա. 22-21-րդ դարեր (Քարաշամբ) բարձրաճաշակ բրոնզե արձաններ մ.թ.ա. 15-14-րդ դարեր (Լոռի-Բերդ) առյուծների պատկերներով ոսկե գավաթ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ (Վանաձոր), չորս անվանի քարշակներ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ (Լճաշեն), գորտի արձանիկ մ.թ.ա. 13-12-րդ դարեր (Լճաշեն)։
Հայ ժողովրդի կազմավորումը

Հայախոս ցեղերը ապրում էին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի վերջերից։, հավանաբար Մալաթիապատմական շրջանում։ Այդ նույն ժամանակաշրջանում, մ.թ.ա. II հազարամյակի վերջում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ապրում էինխուռիներ, որոնք մնացել էին Միտաննի պետության անկումից հետո, խեթեր և լուվիացիներ, որոնք մնացել էին Խեթական թագավորության անկումից հետո, և ուրարտացիները, որ տեղափոխվել էին Հայկական լեռնաշխարհ Ռեվանդուզ շրջանից, այժմյան Իրանի հյուսիս-արևելքում, Ուրմիա լճիմոտակայքում։ Այդ ժողովուրդները ձգտում էին պաշտպանվել հարավից ասորեստանցիների հաճախակի հարձակումներից և աստիճանաբար XIII - XII դարերում Վանա լճի շրջակայքում կազմավորվում է Նաիրի ցեղերի միություն, որի հիման վրա մ.թ.ա. IX դարում ձևավորվում է Ուրարտու պետությունը, որի գլխին կանգնած էր ուրարտախոս ընտրանին և որը ընդգրկում էր խառն ազգային կազմով մի շարք շրջաններ, որտեղ սակայն գերակշռում էին ներկայիս հայերի նախորդները։ Ըստ ներկայումս ընդունված տեսակետի նախահայերը բնակվել են դեռևս Հայասա կամ Հայասա-Ազզի երկրում, որ գտնվել է Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ Իսկ ըստ շատ գիտնականների, այդ թվում Նիկողայոս Ադոնցի Հայասա անունը ծագում է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։
Վանի թագավորություն

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեցՀայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը (Տուշպա, Տոսպ)։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հիմնադիրն էր Արամեն (մ.թ.ա. 859 - մ.թ.ա. 843)։ Կան տարբեր տեսակետներ այս պետության հայկական լինելու մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ մ.թ.ա. 9-րդ դարում հիմնադրված այդ պետությունը հայկական չէր, թեև բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմել են հայկական ցեղերը (Արմե, Ուրմե, Սուբարտու, Նաիրի և այլն)։ Մեկ այլ տեսակետ գտնում է, որ Վանի թագավորությունը հայկական պետություն էր, իսկ նրան հաջորդածԵրվանդունիների թագավորությունը դինաստիական փոփոոխություն էր երկրի ներսում։ Այս տեսակետի հիմքերից մեկը Ուրարտու և Արարատ եզրույթների նույնացումն է։ Առաջին վկայությունները Ուրուատրիցեղախմբի մասին թվագրվում են մ.թ.ա. 13-րդ դարին՝ Ասորեստանի արձանագրություններում։Սալմանասար Ա թագավորը (մ.թ.ա. 1266- մ.թ.ա. 1243) դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի արձանագրության մեջ նշում է, որ իր դեմ են դուրս եկել ութ միավորված երկրներ, որոնց նա հաղթել է, ավերել 51 բնակավայր, հափշտակել նրանց գերիներին և ունեցվածքը։ Հաջորդ վկայությունը կրկին գլուխ բարձրացրած այդ ցեղախմբի մասին է մ.թ.ա. 11-րդ դարում՝ Թիգլաթպալասար Ա թագավորի կողմից։ Երկու արձանագրություններում էլ Ասորեստանի թագավորները նշել են, որ հաղթել են նրանց և ավերել երկիրը (Վանա և Ուրմիա լճերի միջև)։ Եվս երկու դար անց՝ 9-րդ դարում, ուրարտացիները հիմնում են իրենց պետությունը, և նրա առաջին թագավոր Արամեն դիմակայում է ասորեստանցիներին և դրա մասին հայտնում արձանագրության մեջ։
Վանի թագավորությունը հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764) և Սարդուրի Բ (մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735) թագավորների օրոք։ Նրանք ընդարձակում են թագավորության տարածքը Հայկական լեռնաշխարհի ցեղերի ու ցեղային միությունների հաշվին, իրենց ենթարկեցնում Ուրմեն (Տարոնը), Արմեն (Սասունը), Դայան (Տայքը), Արարատյան դաշտը և այլ տարածքներ։ Պետությունն ընդարձակում է իր սահմանները՝ շրջանցելով ախոյան Ասորեստանին՝ ներառելով Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը, ինչպես նաև Միջերկրական ծովի ափամերձ տարածքները՝ հասնելով Կիլիկիայի Ադանավանա (այժմ՝ Ադանա) քաղաքը։ Նրանց օրոք Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինիքաղաք-ամրոցները։ Էրեբունիի անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանիանունը։ Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած տերությունն աստիճանաբար թուլանում է Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի հետ պատերազմների արդյունքում։ Մեծ վնաս են հասցնում սկյութները և կիմմերները։ Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, ևերկրի կործանումից հետո վերջին թագավորը ինքնասպան է լինում։ Ըստ Մովսես Խորենացու՝ նրանց միացել էր նաև հայոց նահապետ Պարույրը՝ հայկական ջոկատներով։ Վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609-մ.թ.ա. 590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Պարույր Սկայորդին (Հսկայորդի) հիմք է դնում հայկական պետականությանը։ Այսպիսով, Վանի թագավորության տարածքում հիմնադրվել է առաջին համահայկական պետությունը, որը Պարույրի որդու՝ Երվանդ Սակավակյացի անունով կոչվում է Երվանդունիների թագավորություն։
Համաշխարհային պատմագիտության մեջ չկա մեկ ընդհանուր կարծիք ուրարտացիների և հայերի կապի մասին։ Հիմնական տարածված տեսակետը նրանց առանձնացումն է։ Այդ տեսակետի համաձայն՝ հայկական ցեղերը Հայկական լեռնաշխարհի տարածքում պետական կազմավորումից պետության մակարդակի են հասել միայն Ուրարտուի կործանումից հետո։ Հայկական ցեղերը և ցեղային միությունները գոյություն են ունեցել Ուրարտուի հիմնադրումից շատ առաջ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում։ Ուստի, լեռնաշխարհի տարածքը դեռ վաղուց բնակեցված էր հայերով։ Այդպիսով, անժխտելի է, որ հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում։ Վերջինիս հաջորդել է զուտ հայկական ծագում ունեցող Երվանդունյաց թագավորությունը։ Ըստ լեզվաբանական տեսանկյունի՝ ուրարտերենը դասվում է խուրրա-ուրարտական լեզուների խմբին, մինչդեռ հայերենը հնդեվրոպական լեզու է։ Դրանք հաստատում են հարյուրավոր ուրարտական արձանագրությունները՝ հայտնաբերված ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Թուրքիայի,Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքում։ Մեկ այլ տեսակետ, հիմնվելով տարբեր սեպագիր արձանգրություններում Ուրարտու և Հայաստան եզրույթների նույնացմանը, Վանի թագավորությունը համարում է հայկական պետություն։ Ուրարտական դիցարանը համարվում է հայկական դիցարանի 4 խմբերից մեկը, որտեղ Խալդին նմանեցվում էՀայկին։ Իսկ ուրարտական գրերում գտնվել են բազմաթիվ նույնական բառեր՝ հայերենի հետ։
Լեզվական տեսանկյունից բացի՝ խիստ տարբերվում է ուրարտացիների հավատը։ Էրեբունի բերդի տարածքում,Մուծածիրում և այլուր հայտնաբերվել են ուրարտական դիցարանի աստվածություններին նվիրված տաճարներ ու արձաններ։ Գլխավոր աստվածն էր Խալդին։ Մինչդեռ հայկական հին (Հայկ նահապետ, Տորք Անգեղ, Աստղիկ և ուրիշներ) և նոր դիցարաններում (Արամազդ, Անահիտ, Վահագն և ուրիշներ) ուրարտական որևէ աստված չի հիշատակվում։ Բացի այդ, սեպագիր արձանագրություններում պահպանվել են նաև տեղեկություններ, ըստ որի՝ ուրարտական թագավորները մշտապես արշավանքներ են կատարել ըմբոստ հայկական գավառների դեմ, որոնցից աչքի էր ընկնում Ուրմե երկիրը (Տարոն)։ Ըստ մեկ այլ, քիչ տարածված վարկածի՝ Ուրարտուն կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն