Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր

1907 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ։ Ընդունվեցին մուսուլմանների՝ հայերի նկատմամբ առավելությանը վերջ դնող նոր օրենքներ։ Բայց երբ Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին, պահպանողական մուսուլմանները Ադանայում հարձակվեցին հայերի վրա, որոնք կազմում էին քաղաքի բնակչության մեկ քարրորդը։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էր 2000 հայ։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները ջարդարարների հետ հարձակվեցին քաղաքի հայկական մասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։ Ջարդերն անցան ամբողջ Կիլիկիայով՝ հասնելով Մարաշ և Քեսաբ[36][37]։

1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը փաստացի ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավումը, բայց նրանք նաև խրախուսում էին այս տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դաոնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օտտոմաններ են» և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»[38]։ Ստամբուլյան խռովությունը ճնշելուց հետո երիտթուրքերը ձեռամուխ եղան բնակչության բռնի թուրքացման գործընթացին և արգելեցին ոչ թուրքական էթնիկական խմբերի հետ կապ ունեցող կազմակերպությունները։ 400 000 մուջահիրներ բնակեցվեցին Անատոլիայում, ինչը հանգեցրեց կայսրությունում մուսուլմանների ճնշող մեծամասնության, չնայած 19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56%-ը։ Դադարեցնելով համագործակցությունը թուրք բուրժուական հեղափոխականների Իթթիհաթ կուսակցության հետ՝ հայկական քաղաքական կուսակցությունները օգնության խնդրանքով կրկին դիմեցին եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914 թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց մի նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից[39][40][41]։

Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին
Շատ հետազոտողների բնութագրմամբ 1914 թվականին Թուրքիայում ապրում էր մինչև 2,5 միլիոն հայ[42]։ Բնակչության թվաքանակը խիստ պակասել է նաև ստիպողական գաղթերի հետևանքով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թվականերին։ Հազարավոր հայեր հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը՝ Ռուսական կայսրություն, իսկ 200 000-ը՝ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին[43][44][45]։
339 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz