Էջմիածին

Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։

«Եւ մի ահաւոր տեսիլ մարդոյ բարձր եւ ահեղ, որ զառաջն ունէր եւ զէջսն ի վերուստ մինչեւ ի խոնարհ առաջապահ յառաջեալ, եւ ի ձեռինն իւրում ուռն մի մեծ ոսկի. եւ այն ամենայն զհետ խաղացեալ գայր։ Եւ ինքն սլացեալ խոյացեալ գայր՝ ըստ նմանութեան արագաթեւ արծուոյ. եւ եկն էջ եհաս մինչեւ մօտ ի յատակս երկրիս, ի շինամէջ քաղաքին, եւ բաղխեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն, եւ մեծ եւ անչափ դրնդիւնքն հնչեցին սանդարամետս անդնդոց. եւ ամենայն երկիր յերեւելիս, յական տեսանելեաց բաւելոյ, հարթ հաւասար դաշտաձեւ յատակեցաւ»։

Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը և կառուցեցին Մայր Տաճարը։ Թագավորին օգնում էին Աշխեն թագուհին և արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը։

Սուրբ Էջմիածինը նաև կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին։

Ս. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականի օգոստոսին։ Տաճարի օծումը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածնի Փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը և տաճարն անվանվեց Ս. Մարիամ Աստվածածին։ Այդ պատճառով Մայր Տաճարի հիշատակության օրը նշվում է Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը։

Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց որպես Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ, և չնայած այդ անվանմանը, հաճախ կոչվեց «Վաղարշապատի կաթողիկե», «Կաթողիկե» կամ պարզապես «Առաջին Եկեղեցի»։[1]

360 թ Սուրբ Էջմիածինը կրեց առաջին հարվածը, երբ պարսից Շապուհ II արքան, մեծաթիվ բանակով ներխուժելով Հայաստան, փորձեց Մայր Տաճարը զրադաշտական մեհյանի վերածել։ Շապուհ արքայի զորքը երկրից դուրս գալուց անմիջապես հետո Ներսես Մեծ Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ տաճարի վերակառուցմանը։

Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի գյուտից հետո՝ 5-րդ դարի սկզբին, Վաղարշապատի Կաթողիկոսությանը կից հիմնադրվեց «մեսրոպյան» հայկական դպրոց։ Վերանորոգչական աշխատանքներ կատարվեցին նաև Սահակ Պարթև Կաթողիկոսի (387-428) օրոք։

484 թ Հայրապետական Աթոռը տեղափոխվեց Դվին, որն այդ ժամանակ երկրի քաղաքական կենտրոնն էր։ Չնայած Աթոռի տեղափոխմանը՝ Ս. Էջմիածինը շարունակում էր մնալ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։ 5-րդ դարի՝ հայ գրականության ոսկեդարյան շրջանի պատմիչ Ղազար Փարպեցին գրում է, որ մոտավորապես այդ շրջանում Վահան Մամիկոնյանը պարսից արքայության կողմից Հայաստանի մարզպան նշանակվեց։ Նա կարևոր բարեփոխումներ կատարեց Էջմիածնի տաճարում, որի արդյունքում Ղազար Փարպեցին նշանակվեց Էջմիածնի վանքի վանահայր։ Մայր Տաճարը ստացավ այն տեսքը, որն ունի այժմ։

Էջմիածնի տարաճարը 19-րդ դարի վերջում
Հայաստանում իշխող քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 931 թ Դվինից տեղափոխվեց Աղթամար, այնուհետև՝ Անի և կրկին Կիլիկիա, ուր 1198 թ հիմնվեց հայկական թագավորություն։ 1375 թ Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո, այդ ժամանակ տիրող քաղաքական իրադրության պատճառով Կաթողիկոսական Աթոռը նորից տեղափոխվեց։

1441 թ Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակվանից ի վեր Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը մնաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դարեր շարունակ մեծ վնասներ կրած այս սրբավայրի նորացումն ու վերանորոգումը վերջին տարիներին Հայոց Հայրապետների առաջնահերթ մտահոգությունն են եղել։ 1945 թ Գևորգ Զ Կաթողիկոսը համայն հայությանը կոչ արեց օժանդակել Մայր Տաճարի վերանորոգչական աշխատանքներին։ Հայրապետի այս հորդորն անպատասխան չմնաց։ Շուտով դրան արձագանքեց ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանը, և սկսվեցին եկեղեցու բարեկարգման աշխատանքները։ Այս ջանքերը նոր եռանդ ստացան երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք՝ ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ապա նրա զավակների՝ Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների նվիրատվություններով։ 2001 թ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և տնօրինությամբ, միջազգային և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչների և համայն հայ ժողովրդի մասնակցությամբ նորովի վերանորոգված և գեղեցկացված Մայր Տաճարում նշվեց Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակելու 1700 ամյակը։

Սուրբ Էջմիածնի պատմության մեջ գրվեց նոր էջ։

Մայր Տաճարի սյուներին ու կամարներին, որմերին ու գմբեթներին, քարերին ձուլվել է դարերի դրոշմը։ Դրանք միահյուսվել են իրար և հայ ժողովրդի կենդանի հավատքին։
797x645 / 124.7Kb
474 2 0.0

21.04.2015 NAREK

Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
1
1 NAREK • 11:31, 21.04.2015 [Материал]
Շատ լավնա կլասսսսս
avatar
0
2 NAREK • 14:07, 30.04.2015 [Материал]
applause biggrin
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz