05.05.2015, 11:53 | |
Էդուարդ Բագրատի Աղայան (մարտի 16, 1913, Մեղրի - դեկտեմբերի 29, 1991, Երևան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս(1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։ ԿենսագրությունԷդուարդ Աղայանը ծնվել է 1913 թվականի մարտի 16-ին Մեղրիում։ 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում` սկզբում որպես հաշվետար, ապա` հաշվապահ։ 1933 թվականից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում` միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և 1939 թվականին ընդունվել ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945 թվականին` դոկտորական ատենախոսություն («Հայ լեզվաբանության պատմություն»)։ 1942 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1946 թվականին` պրոֆեսորի կոչում։ 1953-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականին` ակադեմիկոս։ 1932-1991 թթ. աշխատել է ԵՊՀ-ում, 1956-1985 թվականներին եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թվականներին` հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1989 թվականներին «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956` ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950` բանասիրության ֆակուլտետի դեկան։ Հայաստանի բուհերում կարդացել ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ։ Էդուարդ Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում։ 1950-1953 թվականներին եղել է փոխտնօրեն, 1963-1991 թթ.` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թվականներին` ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ։ Էդուարդ Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, Մոսկվա, ԱՄՆ, Հնդկաստանև այլն)։ 1979 թվականից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականին ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980 թվականին և 1985 թվականին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Էդուարդ Աղայանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտություն զարգացման գործում։ Գործունեությունը[խմբագրել]Էդուարդ Աղայանը գործունեությունը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության, քերականագիտության (համեմատական քերականություն, նակարագրական քերականություն, պատմական քերականություն), բառագիտության(բառաքննություն և ստուգաբանություն), բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի։ Նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959-ին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Ե., 1957), «Գրաբարի քերականություն», հատոր 1 (Ե. 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Ե., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Ե., 1984) աշխատությունները. վերջինը 1957-ին վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով։ Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատությունները աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, վանկի, հնչույթի, ձևույթի, խոսքի մասերի, լեզվական կառուցվածի ու համակարգի և այլն)։ Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել` նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ։ Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը` հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում։ Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ։ Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում։ | |
| |
Դիտումներ: 1700 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը: 0 | |